1. Ա՜խ, քո Սերը որքան քաղցր է,
Դառը կյանքիս համ կտա,
Ա՜խ, Քո խոսքը ջուր է, իրավ,
Պապակ սրտիս զով կտա։
Քո վերքերից ամեն մեկը
Բուժող դեղ է վերքերիս,
Փրկիչ Հիսո՛ւս, փառաց լույսդ
Խավար սրտիս լույս կտա։
2. Կարոտում եմ, թե մի վայրկյան
Հեռանում ես իմ մտքից,
Ցուրտ է հագնում ողջ մարմինս,
Երբ գնում ես իմ մոտից։
Մի ավերակ, անտեր տուն է
Սիրտս դառնում առանց Քեզ,
Օրհնյալ Տերս, առաջնորդի՛ր,
Ետ չմնամ Քո հոտից։
3. Քո օրհնության աղբյուրները
Մեզ համար են ջուր հանում,
Այն Քո խաչի սուրբ արյունն է
Մեզ մեղքերից լվանում։
Քո շնորհքը տալիս ես մեզ,
Որ նրանով մենք փրկվենք,
Վիրավորված սիրտս միայն
Ձեռքիդ մեջ է լավանում։
4. Մխիթարող իմ Տերն ես Դու
Անմխիթար այս դարում,
Արդարության հանդերձներով
Մեր հոգին ես զարդարում։
Հոգ ես տանում Դու մեզ համար՝
Կենաց Խոսքիդ համաձայն:
Մեր մեջ եղած ու բորբոքված
Կրակներն ես Դու մարում։