Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարևի,
ՈՒ՞մ հոգեհամբույր խոսքը կլսեմ:
ՈՒ՞մ ուրախացած դեմքը կարևի՝
Բարեկամական հրճվանքով վսեմ:
Ո՞վ կհամբուրի, ո՞վ կհեկեկա,
Ո՞վ կհիանա անսուտ հրճվանքով:
Գուցե աշխարհում, դուրսը մեկը կա,
Որ ապրում է իմ անուրախ կյանքով:
Գուցե իմ սրտում, երգերում իմ մութ,
Խոսքերում՝ ասված իմ հոգու մասին —
Հեռավոր մեկի անրջանքն եմ սուտ՝
Նետված աշխարհի անսուտ երազին:
Գուցե՝ ապրելով նրա երազում՝
Երգում են նրա տագնապները խոր —
Եվ թվում է ինձ աշխարհի մուժում,
Որ ի՛նձ եմ երգում, կյանքս մենավոր: —
Կյանքը - երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, -
Կյանքը - կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը - կրակ ճահիճներում՝ կա ու չկա, -
Կյանքը - ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
-Ողջու՜յն քեզ, անհայտ, անծանոթ ընկեր,
Խաղաղությու՜ն քեզ, հեռավոր եղբայր.
-Ողջու՜յն ձեզ, վաղվա չծնված կյանքեր:
-Ես՝ եղբայրորեն ու մտերմաբար՝
Ողջունում եմ ձեզ անցած խավարի
Իմաստուն, սխուր ժպիտով բարի..
Կյանքը - երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, -
Կյանքը - կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը - կրակ ճահիճներում՝ կա ու չկա, -
Կյանքը - ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա: