Կույր կըռունկները սուգ ու շիվանով,
Մեր սև երկնքով եկան, անց կացան,
Աˉխ, մեր լեռներում նրանք կուրացան,
Դու լաց մի' լինիր, ես շաˉտ եմ լացել:
Հողմն է հեծեծում սև անտառներում,
Անտեր մեռելի սուգն է այն, բալիկ,
Անտեր ու անթաղ մեռելները շատ...
Դու լաց մի' լինիր, ես շատ եմ լացել:
Քարավանն անցավ, բարձած արցունքով,
Սև անապատում ծունկ չոքեց, մնաց,
Այն մեր աշխարհի վիշտն ու արցունքն է,
Դու լաց մի' լինիր, ես շատ եմ լացել:
Գայլերն են ոռնում հեռու դաշտերում,
Մի' վախեր, բալիկ, քնիր,սուս արա,
Մարդի ձայն չկա, ոչ շունչը թունոտ,
Դու լաց մի լինիր, ես շատ եմ լացել:
Դալուկ շրթունքիդ իմ կաթը սառեց,
Գիտեմ, այն դառն է, չես ուզում, բալիկ,
Աˉխ, վշտիս թույնն է քամվել նրա մեջ,
Կուրծքս ցավոտ է, ես շաˉտ եմ լացել: