ՕՋԱԽՈՒՄ
Սրտանց արի, քո սերն եմ էս հյուրընկալ օջախում,
Ազնիվ սրտի հուր սիրո, հիշատակ կա օջախում։
Մի՞թե սիրտը մութ է քո, չէ՞ որ դու իմ աստղն ես,
Անհուն երկնի շողն առած, կենաց սիրտ կա օջախում։
Դե արի շորորա,
Տաղ ասեմ նազերիդ,
Օջախս տխուր է առանց քեզ, նազելի,
Ախ, աչքս քո ճամփին խամրում է, ի՞նչ անեմ,
Ախ, սիրտս կարոտից մարվում է, ի՞նչ անեմ։
Արագիլը գարունքին գալիս, գտնում է բույնը,
Հազար շյուղեր նա բերում, նորոգում է իր բույնը,
Աշոտ, դու էլ էս գիշեր կառնես աչքերիդ քունը,
Թե սիրածդ սրտաբաց գա ու մնա օջախում։
Դե արի շորորա,
Տաղ ասեմ նազերիդ,
Օջախս տխուր է առանց քեզ, նազելի,
Ախ, աչքս քո ճամփին խամրում է, ի՞նչ անեմ,
Ախ, սիրտս կարոտից մարվում է, ի՞նչ անեմ։